Նախագիծ․ Զբոսավարները և ուղեկցորդները պարտադիր որակավորում կանցնեն

Նախագիծ․ Զբոսավարները և ուղեկցորդները պարտադիր որակավորում կանցնեն

PanARMENIAN.Net - Զբոսաշրջության կոմիտեի մշակած նոր օրենքի նախագծով համապատասխան տնտեսվարողները կմտնեն կարգավորումների դաշտ, իսկ բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշել է, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և որի շուրջ ազգային ժողովում արդեն քննարկումներ իրականացվել են, գրում է Արմենպրեսը։

«Օրենքի նախագծի շուրջ փակ քննարկումները համապատասխան բաժինների հետ արդեն ավարտվել են: Այն արդեն ուղարկել ենք կառավարություն, այնտեղից նույնպես ունենք որոշ դիտարկումներ, որոնք արդեն ինտեգրել ենք: Հաջորդ փուլում արդեն կառավարությունում բաց ձևաչափով քննարկումներ են ծավալվելու: Եվ, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում օրենքի հետ կապված վերջնական արդյունք կունենանք»,- ասել է նա:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանն ընդգծել է, որ օրենքում փոփոխությունները միտված են ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին կարգավորումների դաշտ բերելուն:

«Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում»,-ասել է Սուսաննա Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ նոր օրենքով արտագնա զբոսաշրջային գործակալների և տուրօպերատորների համար գործելու են ֆինանսական երաշխիքներ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները և նրանց կողմից առաջարկվող զբոսավարները համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ Սուսաննա Հակոբյանը պատասխանել է՝ ո՛չ:

«Ցավոք, այսօր ոլորտում գոյություն ունեն զբոսավարներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և նաև տուրիստական գործակալություններ, որոնք որևէ ձևով, որևէ ստանդարտի չեն համապատասխանում, և խոսքը միայն միջազգային ստանդարտի մասին չէ: Եվ մեր օրենքում առաջարկվող փոփոխությունները հենց այս խնդիրների լուծմանն են միտված: Իրավական դաշտ բերելով, չափորոշիչներ, ստանդարտներ մշակելով՝ մենք ուզում ենք հասնել նրան, որ նրանք համապատասխանեն այս ստանդարտներին»,- ասել է նա:

Սուսաննա Հակոբյանն ասել է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացն իրենք պատվիրակելու են կառավարության որոշմամբ ընտրված իրավական մարմնին, այսինքն՝ որակավորման ամբողջ գործընթացը, միջազգային ստանդարտներին համապատասխան, իրականացնելու է տվյալ մարմինը: Իսկ այս բոլոր գործընթացները իրականացնելու նպատակով միջազգային ստանդարտները կվերցվեն և կտեղայնացվեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---