1 փետրվարի 2023 - 11:09 AMT
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Արցախ

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ։

Խաղաղապահները պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Մարդասիրական ակցիայի շրջանակում մթերային փաթեթներ են հանձնվել Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնի սաներին։

«Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերից խուսափելու համար Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցություն է հաստատված»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Photo. Ria Novosti