1 փետրվարի 2023 - 11:22 AMT
«Մալաթիայի» աշխատակիցները ցույց են անում․ Կառավարության հետ հանդիպում են պահանջում

«Մալաթիա» տոնավաճառի դարպասները փետրվարի 1-ից փակ են` Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է կասեցնել տոնավաճառի գործունեությունը։ Առևտրականները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջում են ժամանակ տալ, որպեսզի իրենց տնօրենը առկա 5 խախտումը վերացնի:

«Թող թողնեն աշխատենք, ով ա իմ կամ մյուսի փոխարեն աշխատելու, փող տալու, որ մեր ընտանիքներին պահենք: Ուրիշ տեղ չեն տալիս, բա մենք ոնց անենք: Ուսանողներ ունենք, վարձն ինչպես ենք տալու: Մենք ստեղից չենք գնալու, սա մեր երկիրն ա»,- ասել է աշխատակիցներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մեկ այլ առևտրական էլ նշել է, որ պահանջում են կառավարության հետ հանդիպում:

«Այն ժամանակ գալիս էին, խոստումներ էին տալիս: Բաբաջանյան, Մարուքյան, Փաշինյան, բա ինչի՞ հիմա չեք գալիս: Էկեք, տեսեք` ինչ ա կատարվում»,- նշել է նա:

Աշխատակիցների բողոքին է միացել նաև «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

«Երեկ երեկոյան տեսչական մարմինն այստեղ է եղել, նորից ամեն ինչ նայել են, հիմա պետք է պայմանավորվենք, թե ինչ պետք է արվի: Որպեսզի գաղտնի ոչ մի խոսակցություն չունենանք, 10 հոգի ընտրեք, թող մեզ հետ ներս գան»,-ասել է տնօրենը:

Նա նաև լրագրողներին է ներս հրավիրել` հայտարարելով, թե գաղտնի բան չպետք է լինի:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասել էր, որ եթե տոնավաճառը փակելու գործում խոչընդոտներ լինեն, տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։