1 փետրվարի 2023 - 12:06 AMT
Նախագիծ․ 2023-2024 ուստարում 100-ով կավելանան բակալավրի անվճար տեղերը

Հանրային քննարկման է դրվել 2023-2024 ուսումնական տարվաբակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախատեսվել է 2023-2024 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ավելացված տեղերը հատկացվել են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը տնտեսության զարգացման համար: Անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) նախատեսվում է հատկացնել բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:

Ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով:

Այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ):

Հաշվի առնելով նաև 2022-2023 ընդունելության մրցույթի արդյունքները հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2022-2023 ուստարվա համար հատկացված 22,300 տեղերը պակասեցնել 6000-ով և այս տարի հատկացնել 16.300 վճարովի տեղ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա՝ անվճար և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը։