1 փետրվարի 2023 - 12:09 AMT
Ստեփանակերտում սկսել են նարինջ և մանդարին վաճառել

Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը, հայտնում է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։

Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակները բաշխելու համար:

Ներկայացվել են նաև Արցախում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը, ըստ որի 1 անձի ձեռքբերման չափաքանակը 1 կգ է։

Մանդարինի իրացման առավելագույն գինը 1 կգ դիմաց սահմանվել է 650 դրամ, նարնջի 1 կգ համար՝ 500 դրամ, գազարի 1 կգ համար՝ 430 դրամ։

Սպառողներին հորդորում են զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել գործող թեժ գծերի միջոցով:

Շուկայում տարբեր ապրանքատեսակների հետագա իրացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։