1 փետրվարի 2023 - 15:38 AMT
Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 15 տրոլեյբուսով

Մոտ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով:

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից փոխադրամիջոցները շուտով կլինեն մայրաքաղաքում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Տրոլեյբուսների հավաքակայան այցի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ ապագան էլեկտրատրանսպորտինն է և պետք է փոփոխություններ կատարել։

«Կարծում եմ՝ տրոլեյբուսների այն քանակը, որը գալու է, մենք կավելացնենք անպայման, որպեսզի շարժակազմը Երևանում ավելի շատ լինի, քան մինչ այսօր օգտագործում էինք: Տրոլեյբուսը բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց է համարվում, ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, կարծում եմ՝ նաև ռազմավարական տեսակետից. էլեկտրաէներգիան Հայաստանի Հանրապետությունն ինքնին արտադրում է, և կախվածություն չունենք այլ պետություններից»,-ասել է քաղաքապետը։

Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Տրոլեյբուսներից ամեն օր մոտ 10,000 ուղևոր է օգտվում: