Փաշինյանը՝ Միշուստինին․ Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ

Փաշինյանը՝ Միշուստինին․ Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, անդրադառնալով Լաչինի միջանքնի փակ լինելուն, ասել է` ստացվում է՝ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

«Ռուսաստանն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ:

Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում, և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով»,-ասել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---