Բեգլարյան․ Առանց շահերի ու լծակների միջազգային հանրությունը բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է

Բեգլարյան․ Առանց շահերի ու լծակների միջազգային հանրությունը բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Լաչինի միջանցնքի փակմանն ու ներկայացնելով դստեր հետ կապված մի ամանորյա դրվագ, նշել է, որ առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը «պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է»։

Նա նկատել է, որ Ձմեռ պապիկի մանկական իմաստուն մեկնաբանությունը մեծապես վերաբերելի է միջազգային հանրությանը և դրանից մեր ակնկալիքներին:

«Ձմեռ պապիկ միջազգային հանրությունը... Այս շրջանում հաճախակի հիշում եմ մեր ավագ աղջկա՝ Նանեի նախամանորյա պատասխանը Արմինեին: Երբ Ամանորից առաջ Ձմեռ պապիկին նամակ էին պատրաստում և Արմինեն առաջարկեց Նանեին, որ նամակում գրվի ճանապարհը բացելու ցանկության մասին, Նանեն ասաց.

-Մամ, բայց Ձմեռ պապիկը չի կարող ճանապարհ բացել, ինքը մենակ նվերներ ա բերում, ճանապարհը մենք պիտի բացենք...

Ձմեռ պապիկի այս մանկական իմաստուն մեկնաբանությունը մեծապես վերաբերելի է միջազգային հանրությանը և դրանից մեր ակնկալիքներին:

Ոքան էլ ես տարիներ շարունակ ընդգրկված եմ միջազգային հանրությանն ուղղված կոչերում, հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական ջանքերում, բայց ես էլ լավ գիտակցում եմ, որ մեր խնդիրների լուծումը հենց մենք պետք է տանք: Իսկ այդ ճանապարհին միջազգային գործիքակազմերը պարզապես լրացուցիչ աջակցող միջոցներ են, որոնց կիրառումն էլ պետք է լինի իրական շահերի ու լծակների, ոչ թե մեծապես լոկ շղարշային փաստարկների համար օգտագործվող արժեքների ու իրավունքների հիման վրա:

Առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է...»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---