Վարդանյանը՝ արցախցի ուսանողներին․ Երբ հիբրիդային պատերազմ է, յուրաքանչյուրը պետք է հայրենիքի զինվոր դառնա

Վարդանյանը՝ արցախցի ուսանողներին․ Երբ հիբրիդային պատերազմ է, յուրաքանչյուրը պետք է հայրենիքի զինվոր դառնա

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է, որ երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը։

Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը։

«Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»,-ասել է նա։

Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:

Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․

«Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։

Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը:

«Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է: Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի», - ասել է պետնախարարը:

Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---