Մանուկյան․ Տարիներ անց ինչ-որ դատախազ անարգանքի սյունին կգամի Պապիկյանին ու Փաշինյանին, և կասի՝ ինչո՞ւ է «Ստալիչնի պոլկը» վաճառվել

Մանուկյան․ Տարիներ անց ինչ-որ դատախազ անարգանքի սյունին կգամի Պապիկյանին ու Փաշինյանին, և կասի՝ ինչո՞ւ է «Ստալիչնի պոլկը» վաճառվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով չգործող զորամասի տարածքի ապօրինի օտարման համար ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին ներկայացված մեղադրանքին, հիշեցրել է, որ դեռևս 2020-ի ապրիլի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վավերացրել է ՊՆ բալանսում գտնվող 71 անուն գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցելու, իսկ հետագայում դրանք վաճառելու մասին փաստաթուղթը:

Նա ասել է, որ տարիներ կանցնեն, Աննա Վարդապետյանի փոխարեն կգա մեկ այլ դատախազ ու ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին՝ Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին և կասի՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ստալիչնի պոլկը» վաճառվել է, ինչը թեև անարդար է, բայց տեղավորվում է գործող իշխանության տրամաբանության մեջ, գրում է «Փաստինֆոն»։

«Հիմնական շեշտը դնում են, թե տեսեք՝ զորամասեր են վաճառվել: ՀՀ դատախազն անկեղծ պատասխանեց, որ դրանք չգործող զորամասեր են եղել: Ես բերել եմ մի փաստաթուղթ, որտեղ 71 զորամասի հասցե է, տարբեր քաղաքների զորամասեր, երևանցիները լավ կհիշեն «Ստալիչնի պոլկն» էլ մեջը: Հիմա ի՞նչ, հայտարարենք՝ զորամասե՞ր են վաճառվում: Ո՛չ, պարզապես այդ զորամասերը չգործող զորամասեր են և նույնիսկ դրանց պահպանությունը ՊՆ համար բեռ է և հանվել է վաճառքի»,- նշել է Մանուկյանը:

Պատգամավորը համոզված է՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը պարզապես շոու է, շոու, որը հրապարակ բերվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրը, իսկ խորհրդարանն այն քննարկում է այսօր:

«Ինչո՞ւ 2 շաբաթ առաջ եկան. ի՞նչի էին շտապում, բոլորի համար էլ հասկանալի էր՝ հասարակության ուշադրությունը Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից շեղելու համար: Եվս մեկ դրվագ՝ և՛ Օհանյանին, և՛ Չարչյանին մեղսագրվող արարքների դեպքում կա վաղեմության ժամկետ»,- ընդգծել է պատգամավորը:

Փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։ Սեյրան Օհանյանի նկատմամբ ներկայացված 3 միջնորդություններից միայն մեկն է ԱԺ-ն քննարկել բաց ռեժիմով, մյուս երկուսը քննարկվում է դռնփակ նիստում:

Առաջին միջնորդությամբ Օհանյանը մեղադրվում է չգործող զորամասի տարածքի ապօրինի օտարման համար, որը ըստ գլխավոր դատախազի, ձեռք է բերել Գրիգորի Խաչատուրովը, սակայն ձևակերպվել է երրորդ անձի անունով։ Խաչատուրովն այս պահին գործով անցնում է որպես վկա, սակայն, ինչպես ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազը, նրա մասով դեռ քննություն պետք է իրականացվի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---