21 ապրիլի 2009 - 15:08 AMT
Վանաձորոմ կկառոցվի միջազգային մակարդակի ֆուտբոլային մարզադաշտ
Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ճանաչողական այցով մեկնեց քաղաք Վանաձոր` ծանոթանալու Վանաձորի մարզադաշտի ենթակառուցվածքային առկա խնդիրներին:

Այցի ընթացքում ՀՖՖ նախագահն ուսումնասիրեց մարզադաշտն ու հարակից տարածքները, ինչի արդյունքում որոշում կայացվեց սկսել վերը նշված մարզադաշտի ենթակառուցվածքների վերակառուցման, հարակից տարածքում գտնվող բնական խոտածածկով խաղադաշտի վերանորոգման աշխատանքները եւ մարզադաշտին կից կառուցել արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ:

ՀՖՖ նախագահն այցի ընթացքում հանդիպեց նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. «Բոլոր աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Մարզադաշտը լիովին վերակառուցվելու է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` հետագայում Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումներն անցկացնելու հեռանկարով»,- ասաց Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ Վանաձորի Տարոն-4 թաղամասում նախատեսվում է կառուցել բնական խոտածածկով երկու խաղադաշտ, որոնք կծառայեն Վանաձորի ֆուտբոլի դպրոցին:

ՀՖՖ նախագահը հույս հայտնեց, որ այս մարզադաշտի վերականգնումը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը Լոռու մարզում:
Նշենք նաեւ, որ վերակառուցման աշխատանքներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով կաջակցեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի: