8 փետրվարի 2023 - 16:11 AMT
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանին առնչվող գործով

Ազգային ժողովում քննարկել են պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած 3-րդ միջնորդությունը։ Ըստ այդ միջնորդության՝ Սեյրան Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանլ հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է այս գործով, գրում է Aysor.am-ը։

Միջնորդության մեջ հիշատակված էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է՝ Սերժ Սարգսյանը ցուցմո՞ւնք է տվել, թե ցուցում:

«Սերժ Սարգսյանի ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագրով մակագրությունը. «Կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ուղիղ ցուցման մասով ուղիղ ապացույց չկա, կա միայն գրությունը, իսկ ցուցմունք, այո՛, տվել է, երրորդ նախագահը հարցաքննվել է սույն գործով», - ասել է Աննա Վարդապետյանը:

Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։