8 փետրվարի 2023 - 16:13 AMT
Թուրքիայում երկրաշարժից ևս մեկ հայ է զոհվել

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը, հայտնում է Araratnews.am-ը։

Նախօրեին Ուդի Երվանդը հայտնել էր նաև, որ փլատակների տակ են մնացել նաև տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսինը։ Փետրվարի 8-ին նա գրել է, որ երգչուհուց, նրա ամուսնուց և փլատակներում մնացած շատ ուրիշ ընտանիքներից դեռևս լուր չկա:

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։