9 փետրվարի 2023 - 12:26 AMT
Փաշինյան. Ադրբեջանը ԼՂ-ի գազը կտրել է 7 անգամ` «բնապահպանները» կապ չունեն, պետականորեն է արվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամին, նշել է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, և այստեղ արդեն «բնապահպանները» կապ չունեն՝ դա արվում է պետականորեն։

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների: Նա հավելել է, որ արդեն 60 օր տևող Լաչինի միջանցքի փակումը բացի հումանիտար ճգնաժամից, նաև բնապահպանական ճգնաժամ է առաջացրել։

«Փետրվարի 8-ին Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ։ Մինչ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել դրանից 4 օր առաջ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սա չի արտահայտում ամբողջ պատկերը։

«Գազի մատակարարումների դադարեցման և վերականգնման արանքում տեղի են ունենում այլազան իրադարձություններ՝մատակարարումը դադարեցվում է 50 %-ով, հետո հասցվում է 70%-ի, հետո նվազեցվում 10 %-ի, կրկին բարձրացվում 30%-ի: Այդ վայրիվերումները երբեմն կարող են մեկ օրվա ընթացքում լինել, կամ մի քանի օրը մեկ»,-ասել է նա՝ հավելելով, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կատարել է նմանատիպ մոտ 27 գործողություն:

Փաշինյանը հիշեցրել է, որ Բաքուն նաև արգելափակել է ԼՂ-ի հոսանքի մատակարարումը և, քանի որ տեղական հզորությունները բավարար չեն, Արցախի իշխանությունները ստիպված են հովհարային անջատումներ կատարել։

Նա հավելել է, որ նման իրավիճակում և ցուրտ եղանակի պայմաններում արցախցիները ստիպված են անտառներում հատումներ կատարել, ինչը ևս իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել։

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը:

Նա նշել է, որ այս պարագայում ՀՀ-ն պետք է ավելի ու ավելի մեծացնի ջանքերը ԼՂ-ում հումանիտար ու բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացման ուղղությամբ։

«Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն»,- ասել է նա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։