Ռուբեն Վարդանյանը՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին․ Եվրոպան չի կարող աչք փակել

Ռուբեն Վարդանյանը՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին․ Եվրոպան չի կարող աչք փակել

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին՝ նշելով, որ Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120,000 մարդու ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման վրա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցներում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական պատճառների, Արցախում ստեղծված իրավիճակի և այն քայլերի մասին, որ եվրոպական կառույցներն ու հանրությունը պարտավոր են ու պետք է ձեռնարկեն՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ։

Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120 հազար մարդու` ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման, Հայաստանից եկող գազի և հոսանքի մատակարարման դադարեցման մշտական սպառնալիքի, մարդու՝ բոլոր տեսակի հիմնարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---