9 փետրվարի 2023 - 12:54 AMT
ԱԺ-ն զրկել է Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովի պատգամավորները կողմ են քվեարկել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը։

Խորհրդարանի՝ փետրվարի 9-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին:

Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը: Քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները:

Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 67, դեմ՝ 0:

Չարչյանին անձեռնմխելիությունից զրկել են Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է «Հաց բերողը» անվամբ) առողջական վիճակի փորձաքննության դրվագով։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սարգսյանը կալանքից ազատ էր արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որի համաձայն՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի տակ պահելու հետ։ Քննիչն այն ժամանակ նշանակել էր կրկնակի փորձաքննություն, որն իրականացրել է փորձաքննությունների ազգային բյուրոն։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մի խումբ բժիշկներ, այդ թվում` Արմեն Չարչյանը։

Կրկնակի փորձաքննության եզրակացությունից հետո Սարգսյանը կալանավորվել է, քանի որ նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի չի համարվել։ Սակայն, քանի որ Սարգսյանը լրացուցիչ հետազոտություն չի անցել, հանձնաժողովը որոշում է կայացրել առկա փաստաթղթերի հիման վրա։ Արմեն Չարչյանը հատուկ կարծիք է կցել եզրակացությանը՝ ընդգծելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, հնարավոր է՝ եզրակացությունն այլ լիներ։