9 փետրվարի 2023 - 14:08 AMT
Փաշինյան․ ՀՀ նահանջը Կոռուպցիայի ընկալման ցուցիչում անհանգստացնող է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ նահանջին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցում, դա համարել է անհանգստացնող ահազանգ։

Նա կարևորել է այդ ցուցիչը ՀՀ համար՝ նշելով, որ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան է մշակված և թեկուզ փոքր նահանջը մտահոգիչ է։

Նիստին հրավիրվել էին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան կազմակերպության՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը , Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Հոկտանյանը պարզաբանել է, որ առավել մեծ նահանջ՝ մոտ 75%, գրանցվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրության տվյալների գնահատականի հիման վրա՝ օրինակ, բիզնեսները որքան ապօրինի վճարներ են կատարում պետծառայություններին։ Նա նշել է նաև դատական անկախության, իրավապահ մարմինների բարեվարքության, զսպումների և այդ հակակշիռների հետ կապված խնդիրները:

Փաշինյանն ասել է, որ այս իրավիճակը պետք է խորը ուսումնասիրվի, հասկանալու համար, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ «ՀՀ-ն շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հատնվել»։

Նա նշել է, որ տարբեր օղակներում կա կոռուպցիա, ինչը երևում է նաև բացահայտումներից, աղմկոտ գործերից՝ հավելելով, որ խնդիրը կոռուպցիան կանխարգելելն է։

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ-ն 2022-ին նախորդ տարվա համեմատ նվազել է և հավասար է 46-ի, ինչը 3 միավորով պակաս է նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից (0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա)։