9 փետրվարի 2023 - 17:47 AMT
#ՄերԿինոն՝ մեծ էկրանին․ ԿինոՊարկը սկսում է հայկական սիրված ֆիլմերի ցուցադրությունը

Հայկական կինոյի մասին խոսելիս առաջինը հիշում ենք նախորդ դարի հայկական կինեմատոգրաֆի մարգարիտները, որոնք սերունդներ են մեծացրել և դաստիարակել։ «Տղամարդիկ», «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը ծանոթ են, թերևս, յուրաքանչյուր հայի. դրանց կերպարների հետ երկար ճանապարհ ենք անցել, իսկ ֆիլմերից հայտնի ու դիպուկ արտահայտությունները վաղուց թևավոր խոսքեր են դարձել և գրավել իրենց տեղը մեր առօրյա զրույցներում։

Իսկ որքան հաճելի կլիներ դիտել այդ հրաշալի ֆիլմերը մեծ էկրանին՝ հոլիվուդյան հայտնի բլոքբասթերների կողքին, չէ՞ որ մեր հայկականներն իրենց արժեքներով ու որակով չեն զիջում դրանց։ ԿինոՊարկը բոլորին նման հնարավորություն է տալիս։ Փետրվարի 8-ին կինոթատրոնում մեծ շուքով և հանդիսավորությամբ՝ հյուրասիրությամբ ու դասական երաժշտության ուղեկցությամբ, կայացավ հայկական ֆիլմերի փակ նախադիտումը, որին մի շարք հայտնի հյուրեր էին հրավիրված, այդ թվում՝ դերասաններ, արվեստի մարդիկ, բլոգերներ ու լրագրողներ, իսկ փետրվարի 9-ից արդեն բոլոր ցանկացողները կարող են մեծ էկրանին դիտել հայկական լավագույն դասական ֆիլմերը՝ «Տղամարդիկ», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Խոշոր շահում»։

«Մենք հասկացանք, որ հայկական կինոդարանի ֆիլմերին մեր օրերում, ցավոք, այդքան մեծ ուշադրություն չի դարձվում․ ճիշտ է՝ հեռուստատեսությամբ դրանք ցուցադրվում են, բայց մտածեցիքն, որ եկել է ժամանակն այդ ֆիլմերը մեծ էկրանով ցուցադրելու։ Նպատակն այդ ֆիլմերը վերհիշելն է ու երիտասարդ սերնդին ժամանակակից կինոթատրոնում, ինչպիսին ԿինոՊարկն է, դրանց հետ ծանոթանալու կամ կրկին վերանայելու հնարավորություն տալը», - պատմեց ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կարևորելով հայկական արժեքների անգնահատելի ներդրումը, սիրով համաձայնեց միանալ արշավին՝ մասնակցելով ֆիլմերի ընտրությանը և վերջիններս տրամադրելով նոր տեսաձայնային որակով, ինչը թույլ է տալիս ցուցադրել ֆիլմերը մեծ էկրանին։

«Այս արշավն արդեն իսկ հաջողված ենք համարում, քանի որ տեսնում ենք առաջին արձագանքները թե մեր այսօրվա հյուրերի կողմից, թե սոցցանցերում ԿինոՊարկի էջի հետևորդների: Գաղափարը շատ ջերմ է ընդունվել, երիտասարդներն արդեն իսկ ոգևորված են, իսկ մնացած էմոցիաները կտեսնենք արդեն ֆիլմերը դիտելուց հետո», - հավելեց Դանիելյանը։

Նախնական պլաններով՝ ԿինոՊարկի այս արշավը կտևի առնվազն 8 շաբաթ։ Ֆիլմերը կցուցադրվեն հերթով․ մեկնարկը տրվել է «Տղամարդիկ» ֆիլմով, որը կցուցադրվի մեկ շաբաթ շարունակ, այնուհետև էկրան կբարձրանան մյուս ֆիլմերը։

«Շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ վերաարժևորել մեր հսկայական մշակութային ժառանգությունը և երիտասարդությանը բերել այս դաշտ ու ցույց տալ, որ ժամանակին ունեցել ենք հոլիվուդյանին չզիջող ֆիլմեր, դերասաններ, ռեժիսորներ։ Ու, լինելով կոմերցիոն կինոթատրոն, ԿինոՊարկը նախաձեռնել է այս բոլորովին ոչ կոմերցիոն արշավը, որն ավելի շատ մշակութային և կրթական-դաստիարակչական բնույթ է կրում», - պատմեց Երևան Մոլի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Երիտասարդներին ներգրավելու համար կինոթատրոնը նաև հատուկ merch է ստեղծել․ սիրված ֆիլմերի հերոսներով և ծանոթ պատկերներով ու գրվածքներով շապիկներն սպասում են իրենց գնորդներին։

Արշավի շրջանակում նաև Երևան Մոլի բոլորովին թարմացված հավելվածի մեկնարկն է տրվում, ինչը հնարավորություն կտա ֆիլմասերներին ավելի հարմար դիզայնով արագ գնել ցանկալի ֆիլմի տոմս՝ ստանալով շուկայի համար նորություն համարվող պրոմո կոդեր՝ հետագա այցելությունների համար։ Ինչպես նաև, ներկայացվում են 5 յուրօրինակ դիզայնով թվային նվեր քարտեր, որոնք կարելի է ձեռք բերել անմիջապես հավելվածից։

Հայկական ֆիլմերի տոմսերն արդեն վաճառքում են․ բոլոր ժամերի սեանսների տոմսերի արժեքը ֆիքսված է՝ 2000 դրամ։