ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի արդեն երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի՝ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ, գրում է «Ազատությունը»։

Նախագծի հեղինակները շեշտել են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Գործընկերներին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գրել է. «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը հեռացնելու համար Արցախից և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը մենք չենք կարող անտեսել»։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ այս հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի

«Միացյալ Նահանգները պետք է գործի: Ահա թե ինչու ես և Հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերները ներկայացրել ենք բանաձև, որով Կոնգրեսը միանշանակ կդատապարտի այս մահացու շրջափակումը։ Եկեք պարզ ասենք, թե ինչ է սա՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ հայ բնակչությանը իրենց տներից դուրս մղելու փորձ՝ անհնարին դարձնելով կյանքը Արցախում։ Մարտավարությունը շրջափակումն է, արդյունքը՝ քաղաքացիական զրկանքը, նպատակը՝ էթնիկ զտումը»,- հայտարարել է Բրեդ Շերմանը:

Ի հավելումն Ադրբեջանի գործողությունների խստիվ դատապարտման՝ բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին 5 գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են՝ դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, համագործակցել միջազգային գործընկերների՝ ներառյալ Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար, անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին և կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---