21 ապրիլի 2009 - 18:24 AMT
Կնեսսետի խոսնակ. «Հիտլերը վերադարձել է. նա մորուք է կրում եւ խոսում է պարսկերեն»
Ժնեւում հակառասիստական համաժողովին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր ելույթի ժամանակ Իսրայելը մեղադրել է հակառասիստական քաղաքականության եւ «Պաղեստինի տարածքում» խտրականության վարչակարգի հաստատման մեջ` այդպիսով հաստատելով այդ միջոցառման մասնակիցների վատագույն մտավախությունները:

Իրանի նախագահը քննադատության է ենթարկել նաեւ ԱՄՆ-ն, որը բոյկոտում է «Դուրբան-2»-ը, եւ Վաշինգտոնին մեղադրել է էքսպանսիայի քաղաքականության եւ Իրաքի ու Աֆղանստանի բռնազավթման մեջ:

Ահմադինեջադը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Իսրայելը ժամանակակից աշխարհի «ամենադաժան եւ ռասիստական» վարչակարգն է, եւ ֆինանսական ճգնաժամի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ, Եվրոպայի ու Իսրայելի վրա:

Այն բանից հետո, երբ Իրանի նախագահը ներկաներին հաղորդել է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների տանջանքները միայն Իսրայելը ստեղծելու «պատրվակ» էին, Արեւմուտքի մի շարք երկրների պատվիրակներ վրդովվել եւ լքել են նիստերի դահլիճը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելն ի պատասխան այդ հարձակումների հայտնել է, որ Ահմադինեջադին հարկավոր է մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով բանտարկել, այսօր կեսօրից հետո հայտնել է «Իսրայելի ձայն» ռադիոկայանը:

Կնեսսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինն իր հերթին նամակ է գրել այլազգի պետությունների խորհրդարանների նախագահներին` իր գործընկերներին նախազգուշացնելով իրանական նախագահի հակասեմիտական հռետորության դեմ անգործության աղետալի հետեւանքների մասին:

«Երեկ` Մյունհենյան Օլիմպիադայից 73 տարի անց, աշխարհը կրկին տեսավ Հիտլերին: Այս անգամ նա մորուք է կրում եւ խոսում է պարսկերեն, բայց խոսում է ճիշտ այնպես, ինչպես եւ այն ժամանակ: Եւ նրան կրկին ամբիոն են տալիս հասարակական ելույթների համար»,- գրել է Ռիվլինը: