13 փետրվարի 2023 - 16:22 AMT
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայում 22 մեդալ են նվաճել

Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայում 22 մեդալ են նվաճել։ Մեդալային հաշվարկում նրանք արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալի (Ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, «Քվանտ» վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, «Ֆոտոն» վարժարան՝ 1 բրոնզ)։

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան (ԺՄՕ) հետխորհրդային և արևելյան Եվրոպայի երկրների մասնագիտացված դպրոցների միջև անցկացվող շրջանային մրցույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում։

Հայաստանը ներկայացրել է 45 մասնակից՝ 4 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու «Ֆոտոն» վարժարան) 7 թիմ։

Թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցն արժանացել է խրախուսական մրցանակի։

Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել է 25 պետության 1300-ից ավելի աշակերտ։