13 փետրվարի 2023 - 16:34 AMT
Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունցեած ավերիչ երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել։ Այդ մասին հայտնել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նրա տվյալներով Սիրիայում երկու մարդ է մահացել մայր ու որդի Միրնա Մինասյան–Թենեքեջյանը և Ալբերտ Թենեքեջյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ալեքսանյանը հավելել է, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4 զոհ կա Սանիթ Թաբաշը, Աիդա Թաբաշը և Ալեքս Թաբաշը, ինչպես նաև Մարիամ Քարատաշը։ Ալեքսանդրետում էլ մահացել է Պայծառ Սիլահլին ու ևս մեկ ընտանիք Դշխուն Մեսրոպյանն ու նրա դուստրը Արմիկը, որդին Մեսրոպը։ Զոհեր կան նաև Անտիոքում Անտուան Հորոսը, Տիգրանակերտում Զիլան Տիգրիսը, Ադիյամանում` Աոննա Կարոլինա Կապը։

«Մենք այլ տվյալներ էլ ունենք, բայց դրանք այժմ ճշգրտում ենք ու կհայտնենք, եթե հաստատվեն»,– ընդգծել է Ալեքսանյանը։

Նա ավելացրել է, որ և Սիրիայի, և Թուրքիայի հայ համայնքներում նաև տուժածներ կան, սակայն դեռևս հստակ թվեր չեն նշվում։ Կատարվում է համայնքային կառույցների և եկեղեցու կորուստների հաշվառում:

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

Photo. AFP via Getty Images