13 փետրվարի 2023 - 16:49 AMT
Խանդանյան․ ՀՀ-ն աշխատում է Ադրբեջանի առաջարկների վրա

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, նշելով, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանը վերջերս նոր առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, ասել է, որ ՀՀ-ն աշխատում է այդ առաջարկների վրա։

«Երբ պատրաստ լինեն մեր առաջարկները, կուղարկվեն Ադրբեջան», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցին Հայաստան՝ Խանդանյանն ասել է, թե այցի շրջանակում քննարկման թեման եղել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, սահմանային անվտանգության ապահովումը։

«ՀՀ կառավարության ներկայացուցիչները հենց այդ հարցերն են քննարկել ռուսաստանցի համանախագահի հետ, սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել», - ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Նա նշել է, թե Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի։

«Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանի Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն ապահովվի Ադրբեջանի կողմից», - հավելել է Խանդանյանը։

Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները որոշ հարցերում։ «10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանությունները և առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»,- ասել է նա։

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Երևանում հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: