13 փետրվարի 2023 - 17:23 AMT
2022-ին ՀՀ քաղաքացիության համար ավելի քան 25,000 մարդ է դիմել

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում աճել է հայրենադարձության տեմպը՝ 2022-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ավելի քան 25,000 մարդ։

2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։

«Վերջին տարիներին հայրենադարձության տեմպն աճել է, ինչը շատ ուրախալի է։ Քաղաքացիություն ստանալու համար դիմողների թվի այս ցուցանիշը 1991 թվականից ի վեր ամենամեծն է»,– ասել է Ալեքսանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է, որ վերջին 3-4 տարում աշխարհի 40-45 երկրից դիմել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, վերադարձել Հայաստան և մշտական բնակություն հաստատել։

Նա ընդգծել է, որ հայրենադարձության ակտիվացումն ու խթանումը մի շարք կարևոր խնդիրներ է լուծում, դրանք են` դեմոգրաֆիական իրավիճակի շտկումը, Հայաստանի մոդեռնիզացումը, հայրենիքում սփյուռքի ներուժի կիրառումը, ինչպես նաև սոցիալ–տնտեսական իրավիճակով պայմանավորված ներդրումների խթանումը։

Ըստ Ալեքսանյանի` հայրենադարձության շնորհիվ լուծվում է նաև հայապահպանության խնդիրը, քանի որ օտար երկրներում ձուլման վտանգ կա։

Նրա խոսքով` հայրենադարձների խնդիրները չեն ավարտվում միայն հայրենիք տեղափոխվելով և քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալով։ Հաճախ պետական լիազոր մարմնին դիմելիս խնդիրներ են առաջանում երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելիս, աշխատանք փնտրելիս, մաքսային գոտիով անձնական իրերի տեղափոխման հարցի ժամանակ և այլն։ Խնդիրների լուծման առումով Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը համագործակցում է պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակական դաշտում աշխատող կազմակերպությունների հետ։

2023-ի հունվար ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հայրենադարձության և ինտեգրման հարցերով դիմել է մոտ 300 մարդ։ Հայրենադարձության գրասենյակը 2022-ին ստացել է մոտ 10,000 դիմում հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող։ Ալեքսանյանի պնդմամբ գրասենյակի պատմության մեջ դա աննախադեպ ցուցանիշ է, և այն այս տարի էլ շարունակվելու տենդենց ունի։