13 փետրվարի 2023 - 18:13 AMT
Վոլոդինը՝ ԼՂ կարգավորման մասին․ Եվրոպական ինստիտուտների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են կորցնել երկիրը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։

«Իսկ ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են ուղղակի կորցնել երկիրը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրախորհրդարանին դիմելուց և ինչ-ինչ հարցերի լուծման մեջ այդ մարմինը ներքաշելուց առաջ, պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ի՞նչ սուր հարց կամ իրավիճակ է հանգուցալուծվել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ մասնակցությամբ։ Այդպիսի օրինակ չկա»,- ասել է Վոլոդինը։

Նա նշել է նաև, որ եվրոպական կառույցները չխանգարեցին Բելգրադի ռմբակոծություններին։

«Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչիով դա կարող է ավարտվել նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակով։ Ով խաղաղություն է ցանկանում, իրավիճակի կարգավորում է ցանկանում, պետք է ուղղակի հեռու մնա այդ կվազի խորհրդարաններից՝ և ԵԽԽՎ-ից, և Եվրախորհրդարանից, այլ հստակ հասկանա, որ այդ կառույցների ներգրավումը կսրի իրավիճակը, նորանոր խնդիրներ կստեղծի։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատու լինեն հետևանքների համար»,-ասել է Վոլոդինը։

Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։