14 փետրվարի 2023 - 15:23 AMT
«Անուշ» արտադրության աշխատանքը դադարեցվել է․ Հրդեհային անվտանգության խախտումներ կան

ՔՏՀԱ տեսչական մարմինը «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊ ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Վանթյան 61ա հասցեում գործող «Անուշ» տրիկոտաժի արտադրությունում տեսչական մարմնի կողմից հրդեհային անվտանգության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման համար 2022-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն և հարուցված վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊԸ-ին պատկանող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։