18 փետրվարի 2023 - 13:21 AMT
Դիլիջանի շրջակայքում ազնվացեղ եղջերուի մասին զգուշացնող ճանապարհանշաններ կդրվեն

Դիլիջանի այն ճանապարհահատվածներում, որտեղ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ, շուտով կսկսվեն նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները, հայտնում է Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը (WWF-Հայաստան)։

Փետրվարի 16-ին համացանցում տեսանյութեր և լուսանկարներ էին տարածվել, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին։

Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանը Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։

«Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,- նշել կազմակերպության հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

Նշվում է, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է 2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում։ 2022-ի հոկտեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն: