18 փետրվարի 2023 - 16:19 AMT
ՊՆ նախկին շենքի բնակիչներին թույլատրել են վրաններ տեղադրել

Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներին թույլատրել են վրաններ տեղադրել։ Հարցը ոստիկանության հետ քննարկել են ՄԻՊ ներկայացուցիչները՝ արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ։

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը փետրվարի 17-ի առավոտյան այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց։ Բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսապահովման պայմաններին առնչվող հարցեր, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ուշ երեկոյան ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ իրականացվել է ևս մեկ այց: ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացրել իրենց բողոքի ակցիան։ ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։

Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ փետրվարի 16-ին լարված իրավիճակ էր ստեղծվել՝ վաղ առավոտյան բազմաթիվ ոստիկաններ են եկել շենքից հանելու այնտեղ ապրող մարդկանց։

Մարդիկ նշել են, որ այնտեղ ապրողները բոլորն էլ անօթևան, չունևոր մարդիկ են։