20 փետրվարի 2023 - 11:09 AMT
Հակասական հայտարարություններ` պաշտոնից Վարդանյանի հրաժարականի շուրջ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, հայտարարել է, որ Արցախում Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը երկրի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար, հայտնում է Արցախպրեսը։

«Արցախը համայն հայության հայրենիքն է անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը , որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ամբողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։

ԱՀ ԱԺ իշխող «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, մեկնաբանելով Վարդանյանի մոտալուտ հրաժարականի մասին Արցախում շրջանառվող լուրերը, Infoport.am -ի հետ զրույցում ասել է, որ այս պահին պետնախարարի հրաժարականի մասով ոչինչ ասել չի կարող, բայց որոշակի քննարկումներ կան, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին։

Միևնույն ժամանակ նա հավաստել է, որ այս գործընթացների հիմքում որևէ անձնական տարաձայնություն կամ այսպես ասած լարվածություն փնտրել պետք չէ։

«Արցախի իշխանությունները փոխհամաձայնեցված աշխատանք են կատարում»,- հավաստել է Հարությունյանը։

Անդրադառնալով այն փաստին, որ Վարդանյանի հրաժարականը պահանջում են Ադրբեջանի իշխանությունները, հնարավոր է, որ այդ որոշումը ընդունվի Բաքվի ճնշման ներքո՝ Հարությունյանը շեշտել է․ «Եթե անգամ Վարդանյանը հրաժարական տա, ապա դա ոչ թե Ադրբեջանի պահանջի բավարարման արգասիք կլինի, այլ զուտ պայմանավորված կլինի Արցախի իշխանությունների որոշմամբ, որը կբխի ստեղծված իրավիճակի հրամայականից»։

Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել են մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե , Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետո, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։