20 փետրվարի 2023 - 11:29 AMT
Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձն է

2023-ի փետրվարի 20-ին հայերը նշում են Ղարաբաղյան շարժման 35-ամյակը։ 1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար` նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է` 35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ։

«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը: Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:

Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները:

Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»,-ասվում է ուղերձում:

1988-ին արցախցիների ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը, իսկ հետո նաև պատերազմը։ 1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը:

1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը: