20 փետրվարի 2023 - 13:38 AMT
ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական` դիտարկելու Ադրբեջանի ագրեսիայի վնասները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական` դիտարկելու Ադրբեջանի ագրեսիայից կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել է փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած ԵԽԽՎ՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, ինչպես նաև նրանց ուղեկցող Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Մարզպետը ներկայացրել է 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։

Այնուհետև փաստահավաք խմբին Կարեն Սարգսյանն ուղեկցել է Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։