20 փետրվարի 2023 - 13:42 AMT
Երևանի կանգառներում մոտ 1000 աղբաման կտեղադրվի

Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կտեղադրվի մոտ 1000 աղբաման:

Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:

Նշվել է, որ տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան, որը մի քանի օրից արդեն կլինի Երևանում:

Նշվել է նաև, որ մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները:

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կուտակված աղբի տեղափոխման գործընթացը կներառվի Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ: