21 փետրվարի 2023 - 10:50 AMT
Զախարովա․ ԵՄ-ն ձգտում է ամեն գնով ամրապնդվել մեր դաշնակից ՀՀ-ում, դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Եվրամիության դիտորդական առաքելության մեկնարկը ՀՀ-ում, նշել է, որ ԵՄ-ն և ընդհանուր առմամբ Արևմուտքը ձգտում են ամեն գնով ամրապնդվել դաշնակից ՀՀ-ում, դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից։

Նա նաև նշել է, որ ՌԴ-ն այստեղ բացառապես աշխարհաքաղաքական աստառ է տեսնում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, առաջին անգամը չէ, որ ֆիքսում ենք Եվրամիության և ընդհանուր առմամբ Արևմուտքի ձգտումն ամեն գնով ամրապնդվելու մեր դաշնակից Հայաստանում։ Մենք այդ փորձերում զուտ աշխարհաքաղաքական աստառ ենք տեսնում, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Արվում է ամեն ինչ տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի, պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են այդ նախաձեռնության վերաբերյալ Բաքվից հնչող հրապարակային բացասական գնահատականները»,-ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ ԵՄ մասնակցությունը տարբեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ամենևին միանշանակ չէ։

«Հազիվ թե Բրյուսելում կարող են պարծենալ այդ ոլորտում իրենց հաջողություններով։ Վերցնենք թեկուզ ԵՄ միջնորդական ջանքերն ու ԵՄ առաքելությունը Կոսովոյի Սերբական կրայինայում»,-ասել է նա՝ հավելելով, որ դա պետք է հաշվի առնեl՝ գնահատելով ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության մասին որոշումը։

Զախարովան հավելել է, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները։

«Դրանց բազմակողմանի իրացման ճանապարհով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, կրոնական և խորհրդարանական շրջանակների, հանրության և փորձագետների միջև կապերի հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման միջոցով կարող է առավել ուղիղ ճանապարհ հարթվել տարածաշրջանում իրավիճակի առողջացման համար։ ՌԴ-ն պատրաստ է հետագայում ևս նպաստել դրան»,-ասել է Զախարովան։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում ։ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: