21 փետրվարի 2023 - 10:51 AMT
Միրզոյան․ ԵՄ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության ապահովման գործում

Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում ։ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: