21 փետրվարի 2023 - 11:35 AMT
Բորել․ ԵՄ առաքելությունն առաջին պարեկությունն է իրականացրել ՀՀ-ում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին պարեկությունն է իրականացրել ՀՀ-ում։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք մեկնարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) գործունեությունը:

Առաքելությունն արդեն աշխատում է և փետրվարի 20-ին առաջին պարեկությունն է իրականացրել:

ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում կամրապնդի վստահությունը և կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին»,- ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: