21 փետրվարի 2023 - 11:39 AMT
Թուրքիայի հայությունը մոտ $290,000 գումար է նվիրաբերել աղետի գոտուն

Թուրքիայի հայությունն ավելի քան 5 մլն լիրա ( մոտ $290,000) է նվիրաբերել աղետի գոտուն։ Պոլսո հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել։

Պատրիարք Մաշալյանը նաև նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ Խոսելով աղետի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ նա ընդգծել է, որ պատրիարքարանն աղետի հենց 2-րդ օրն օգնություն է հավաքել և ուղարկել, գրում է Ermenihaber-ը։

Հայկական հիմնադրամների միությունն էլ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանն է փոխանցել 2․5 մլն լիրայի օգնություն, իսկ փետրվարի 15-ի երեկոյան կազմակերպված «Թուրքիան մեկ սիրտ է» նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամներն առանձին անհատների հետ միասին հանգանակել և նվիրաբերել են 3 մլն լիրա։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշում (պատմ. Մարաշ), զոհերի թիվը վերջին տվյալներով գերազանցել է 41,000-ը։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։ Փրկարար ջոկատներն արդեն վերադարձել են։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։