21 փետրվարի 2023 - 15:24 AMT
ՃՈ 4 ծառայող է ձերբակալվել կաշառք պահանջելու և ստանալու համար

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումների արդյունքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 ծառայողի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ճանապարհային ոստիկաններին կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքեր․ տեղեկացնում է ՆԳՆ-ն։

Դեպքերի կապակցությամբ ներքին անվտանգության վարչությունից Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված նյութերի հիման վրա կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ոստիկանության 4 կապիտան, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ:

Ներքին անվտանգության վարչության ծառայողները նրանց ձերբակալել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նմանօրինակ ոչ օրինաչափ դեպքերի բացահայտումը գտնվում է Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր դեպք արժանանալու է համարժեք հակազդման։