Փաշինյան․ Կառավարման համակարգը պետք է դուրս բերել Երևանի կենտրոնից՝ քննարկվում է արդարադատության թաղամասի կառուցումը

Փաշինյան․ Կառավարման համակարգը պետք է դուրս բերել Երևանի կենտրոնից՝  քննարկվում է արդարադատության թաղամասի կառուցումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ:

Փաշինյանը, անդրադառնալով թեմային, կարծիք է հայտնել, որ պետական կառավարման համակարգը Երևանի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել։

«Մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած՝ արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են: Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն:

Սա գաղափար է, որի իրագործման վրա բավական ջանք ենք գործադրել, տարբեր նախագծեր և տարբերակներ են քննարկվել, և պիտի ասեմ, որ դեռ վերջնական կողմնորոշում չունենք, այդ թվում` տեխնիկական պատճառներով: Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևանի փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները: Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է:

Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կամ չծախսվել, կամ ծախսվել ավելի արդյունավետ»,-ասել է վարչապետը։

Նա կարծիք է հայտնել, որ այստեղ էլ մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք կա և այդ ռազմավարությունը պետք է որդեգրել՝ Երևանի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով՝ իհարկե, խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները:

Փաշինյանը հավելել է, որ դա նորություն չէ. աշխարհում, ընդհուպ շատ մայրաքաղաքներում կան դարերի հնություն ունեցող շենքեր, որոնք մասնավոր հատվածին կամ վարձակալությամբ են տրված, այսինքն՝ դա ճիշտ մոդել է և պետությանը միլիարդների եկամուտներ է բերում, բայց, մյուս կողմից էլ, այդ պատմամշակութային հուշարձանները պահպանվում են, ընդ որում՝ պետական հսկողության ներքո մասնավորը շատ ավելի լավ է անում այդ գործառույթը, քան շատ հաճախ պետական կառավարման մարմիններն են անում:

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, այս ռազմավարությունը քննարկում են և կարծես մոտ են հայեցակարգային մակարդակում այն որդեգրելուն:

«Եթե ավելի խորը նայենք հարցին, սա երկրի ստանդարտների մասին է իրականում՝ սկսած պետական կառավարման համակարգից, լոգիստիկայից, թե պետական կառավարման համակարգի՝ փոքր կենտրոնում լինելն ինչ ազդեցություն է ունենում երթևեկության բարդությունների վրա: Համոզված եմ՝ բոլորդ այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով բախվում եք, նաև քաղաքացիների հասանելիության հետ կապված են սահմանափակումներ առաջանում և այլն: Բայց այս գաղափարն իրագործելու ճանապարհին, իհարկե, արդարադատության թաղամասն առաջին հատվածն է: Եթե սրա մեկնարկը մենք հաջողությամբ տանք և սկսենք իրագործումը, մեծ հավանականությամբ գաղափարը կզարգանա և կծավալվի նաև այդ ուղղությամբ»,-ասել է վարչապետը։

Հաջորդիվ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նրա տեղակալ Արա Մկրտչյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել են արդարադատության թաղամասի կառուցման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Քննարկման են ներկայացվել նշված ենթակառուցվածքի ստեղծման հնարավոր մոդելները, այնտեղ տեղակայվելիք գերատեսչություններին ու մարմիններին վերաբերող առաջարկները և այլն:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են արդարադատության թաղամասի կառուցման գաղափարի իրագործմանը վերաբերող բովանդակային, լոգիստիկ, տեխնիկական և այլ հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---