Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից

Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որտեղ նա հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։

«Այս ամբողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժայինների և Արտաքին գործերի նախարարության:

Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։ Մի քանի օր առաջ Վարդանյանն ամփոփել է ԱՀ պետնախարարի պաշտոնում իր պաշտոնավարման 100 օրը, որից 67-ն անցել է շրջափակման պայմաններում։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով պետնախարարի պաշտոնանկության մասին լուրերին, ասել էր, որ Վարդանյանը հրաժարական չի տալու, իսկ պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---