24 փետրվարի 2023 - 11:08 AMT
ԱԽ քարտուղար․ ՀՀ-ն չի ներքաշվում Լաչինի միջանցքը բացելու շուրջ բանակցություններին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ՀՀ դիրքորոշման մասին Լաչինի միջանցքի հարցում, ասել է, որ Երևանը շարունակում է պահանջել և խոսել իր միջազգային գործընկերների հետ այն անհապաղ բացելու անհրաժեշտության մասին՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որպեսզի միջանցքն անարգել գործի մարդկանց և բեռների համար։

«Սակայն Հայաստանը չի ներքաշվում Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին կամ քննարկումներին, այն մասին, թե երբ և ինչպես այն պետք է բացվի»,-ասել է Գրիգորյանը FactorTV-ի եթերում։

Պատասխանելով այն հարցին, թե կկատարի արդյոք Ադրբեջանը Հաագայի դատարանի պահանջը՝ Լաչինի միջանցնքն անհապաղ բացելու վերաբերյալ՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ Բաքուն պարտավոր է կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ միջանցքն արգելափակված է՝ հիշեցնելով Ադրբեջանի այն պնդումները, թե շրջափակում չկա։

«Այդ որոշման կատարումը կամ չկատարումը հերթական անգամ ցույց կտա, թե որքանով է Ադրբեջանն ի վիճակի կատարել նաև այլ պայմանավորվածություններն ու միջազգային պարտավորությունները»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՀՀ-ն արձագանքել Լաչինի միջանցքում անցակետ բացելու առաջարկին, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց Մյունխենում, զուգահեռներ տանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման առումով իր բոլոր պարտավորությունները կատարել է։

«2022-ին կառավարությունը որոշում է ընդունել 3 սահմանային անցակետի տեղորոշման մասին, որոնց շնորհիվ հնարավոր է ապաշրջափակումը։ Մենք սպասում ենք Բաքվի արձագանքին։ Բոլորը գիտեն, որ Հայաստանի համար որևէ արտատարածքային միջանցքի կամ մեխանիզմի քննարկումը կարմիր գիծ է։ Հայաստանը դա չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»,-ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է ամբողջական ապաշրջափակման ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, որտեղ միայն մեկ միջանցքի մասին է խոսվում՝ Լաչինի միջանցքի մասին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։