25 փետրվարի 2023 - 10:33 AMT
Փաշինյանն ու Կլաարը խոսել են ԵՄ առաքելության, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը:

Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձևի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է՝ նրա այցը մեկնարկել է Երևանից։