Դատախազը քրհետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգյանի նկատմամբ

Դատախազը քրհետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր  Գևորգյանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Դատախազը փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:

Արթուր Գևորգյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է։

Պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012-ի մայիսի 6-ին և 2017-ի ապրիլի 2-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019-ի հունվարի 14-ը), էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում, Ա.Գ.-ն ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017-ի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) ԱՄՆ-ում իրեն պատկանող 3 անշարժ գույքի՝ 2011-ին 490 հազար դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015-ին 520 հազար դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:

Բացի այդ, Ա.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2018-ի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո, ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով, 2019-ի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք՝ 45 հազար 750 դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար:

Ա.Գ.-ն նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019-ի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները՝ կրկին անփոփոխ հայտարարագրելով 50 մլն դրամը, 1 մլն 600 հազար դոլարը և 150 հազար եվրոն: Միաժամանակ, Ա.Գ.-ն պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների 2019-ի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացված օրինական եկամուտ, հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով:

Վերոգրյալից բացի, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում, Ա.Գ.-ն, ով 2009-2012թթ․ զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, 2010-ի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով, 9 մլն 48 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 128 մլն 70 հազար դրամ շուկայական արժեքով, Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 2000 ք.մ. հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին ուղղակի վաճառքով, 15 մլն 834 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 205 մլն 464 հազար դրամ շուկայական արժեքով, Փիրումյաններ փողոցում գտնվող 3500 ք.մ. հողամասը, որոնք 2018-ին օտարել է՝ համապատասխանաբար 176 մլն 346 հազար դրամով և 308 մլն 654 հազար դրամով:

Միաժամանակ, Ա.Գ.-ն 2012, 2013, 2014, 2015 և 2018 թվականների ընթացքում կատարել է օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ ընդհանուր՝ 90 մլն 333 հազար 97 դրամի ծախս, իսկ 2015-ի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 720 հազար դոլար: 2015-2017 թթ․ Ա.Գ.-ի կողմից տարբեր անձանց անուններով ԱՄՆ-ում գրանցված իր հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967 հազար 700 դոլար, որը 247 հազար 700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720 հազար ԱՄՆ դոլարը: Այսինքն, անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա.Գ.-ն կատարել 247 հազար 700 դոլարի փոխանցումը:

Դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա.Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ: Մասնավորապես՝ 2012-2018թթ․ ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ 2015-ին 28 մլն դրամով ձեռք է բերել Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը, 2011-ին՝ 490 հազար Ադոլարով ձեռք է բերել ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող բնակարանը, 2015-ին 520 հազար դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը, 2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանը, լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 6-ին, 1 մլն 525 հազար դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիման փողոցի վրա գտնվող առանձնատունը:

Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---