25 փետրվարի 2023 - 16:44 AMT
Շտաբ․ Տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

«Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։