28 փետրվարի 2023 - 10:50 AMT
Լավրով․ ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ երկրների ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Լավրովն այդ մասին ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր միջազգային գործընկերներից շատերը, այդ թվում այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են դրսևորում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հանդեպ։ Մենք, ինչպես բազմիցս է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որն որը կբխի իրավիճակի կայունացման շահերից և կնպաստի պայմանների ստեղծմանը, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց երկրների և ժողովրդների»,-ասել է Լավրովը։

Ըստ նրա, տարածաշրջանային անվտանգությունը ակտուալ թեմա է մնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: