28 փետրվարի 2023 - 11:30 AMT
Բեգլարյան․ Ադրբեջանցիները պետք է հասկանան` ԱՀ շրջափակման պատճառով ոռոգման ջուր չեն ունենա

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների շրջափակման պատճառով ԱՀ-ում ստեղծված էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսներին, նշել է, որ ադրբեջանցիները պետք է հասկանան, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա։ Այդ մասին Բեգլարյանը գրել է Տելեգրամի իր ալիքում։

Բեգլարյանը նշել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում որոշ փակագծեր է բացել Արցախում տիրող էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրային պաշարների վերաբերյալ, և մի քանի փաստ և շեշտադրում է ներկայացրել դրանց վերաբերյալ:

«1․ Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատելով Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև շրջափակման ամբողջ ընթացքում պարբերաբար ընդհատելով գազի մատակարարումը, ադրբեջանական կողմը միտումնավոր էներգետիկ ճգնաժամ է հրահրել ՝ որպես ճնշման հիմնական միջոց։

Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարմանը՝ օգտագործելով տեղական ՀԷԿ-երն ամբողջ հզորությամբ և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ խոշոր տնտեսական ձեռնարկությունների գործունեության կասեցման և հովհարային անջատումների միջոցով:

Այս ընթացքում Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները խիստ սպառվել են, քանի որ մեր գլխավոր հիդրոէլեկտրակայանի շահագործման համար մենք բաց ենք թողել շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ, 50 մեգավատ հզորությամբ, քան մուտք է լինում Սարսանգ։

Այժմ իրավիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակ անց կունենանք էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների ծայրահեղ պակաս, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Գրեթե 600 մլն խմ տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասնությամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի հողօգտագործողների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդայի, Գերանբոյի, Եվլախի և Աղջաբադի շրջաններում մոտ 96,000 հեկտար հողերը ոռոգելու համար։

Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի բավարար քանակի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի այդ կարևոր հնարավորությունից»,-ասվում է գրառման մեջ։

Որպես հետգրություն Բեգլարյանը նշել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վնասված էլեկտրացանցը վերանորոգելու և առաջիկա օրերին Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու վերաբերյալ։

«Պարզ տրամաբանությունը հուշում է, որ որքան շուտ վերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, այնքան շուտ ոռոգման ջուրը հասանելի կլինի ադրբեջանցի հողագործներին»,-գրել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։