2 մարտի 2023 - 11:44 AMT
Պապիկյան․ Բանակում արատավոր երևույթները բացառելու համար նոր մեխանիզմներ կներդրվեն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N զորամաս այցի շրջանակում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստորեն հետևել կարգապահությանը, նշելով, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ զորքերում արատավոր երևույթները բացառելու համար:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը, զենք-զինամթերքի հետ առնչվելիս, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջներին:

Առաջնագծի պահպանության անմիջական պատասխանատուները զեկուցել են մարտական դիրքերի վերազինումների, ինժեներական հագեցվածության, թիկունքային ապահովման աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը ներդնելու է բոլոր ջանքերը հայրենիքի պաշտպանության, ամրաշինական կառույցների արդիականացման ուղղությամբ:

Մարտական դիրքերի ավագները նախարար Պապիկյանին զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով: