Թբիլիսիում կվերականգնեն Ռուսթավելիի պողոտայում գտնվող Մելիք-Ազարյանցի տունը

Թբիլիսիում կվերականգնեն Ռուսթավելիի պողոտայում գտնվող Մելիք-Ազարյանցի տունը

PanARMENIAN.Net - Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկը համարվող Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի պատմական տունը ռեստավրացիայի կենթարկվի՝ նախապատրաստական աշխատանքները սկսվել են։

Պատմական շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում։ Վերակառուցմամբ կզբաղվի Silk Development ներդրումային խումբը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Մելիք-Ազարյանցի բազմահարկ Եկամտաբեր տունը (բնակարանները վարձով էին տրվում)՝ լայն ցուցափեղկերով և աշտարակներով, կառուցվել է XX դարի սկզբին՝ ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն ժամանակվա համար այդ շենքը շքեղ էր ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև ուներ սեփական էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը։

Շենքն ուներ նաև պատկերասրահ և էկզոտիկ բույսերով այգի, կինո և ֆոտոստուդիա, և շատ այլ հարմարություններ։

Խորհրդային տարիներին տունը վերածվել էր հսկայական կոմունալ բնակարանի։

2007 թվականից սկսած Silk Road խումբը գնել է բնակարանները բնակիչներից և այժմ ընկերությանը պատկանում է ընդհանուր տարածքի մոտ 80 տոկոսը։ Տարածքի մնացած մասում առանձին բնակարաններ են և կոմերցիոն տարածքներ։

Նախատեսվում է վերստեղծել շենքի սկզբնական տեսքը, ճակատային մասը, զարդաքանդակները, հեռացնել ապօրինի կցակառույցները, վերականգնել ավանդական փայտե պատշգամբները, որոնք տուժել են 2015-ի հրդեհից։

Տունը նաև 2 հարկանի նկուղ ունի՝ կամարներով, սյուներով և բարձր առաստաղներով։

Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը 20-րդ դարի սկզբի ականավոր գործարար, ձեռնարկատեր և բարերար էր։ Նա ուներ պղնձի հանքեր և նավթավերամշակման գործարաններ, նավթի հանքեր Բաքվում, եկամտաբեր տուն ներկայիս Ռուսթավելի պողոտայում և երկու տուն Սուլխան-Սաբա և Լերմոնտով փողոցներում։ Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության պատվավոր անդամ։ Մելիք-Ազարյանցը ժամանակի ամենահարուստ ու ամենաազդեցիկ հայերից մեկն է եղել Թիֆլիսում։

Բոլշևիկների իշխանության գալուց կարճ ժամանակ առաջ Մելիք-Ազարյանցը կնոջն ու ծնողներին ուղարկում է Ֆրանսիա, իսկ ինքը մնում Թիֆլիսում` սպասելով իր Եկամտաբեր տան ապագա գնորդուհուն, որը պետք է ժամաներ Ֆրանսիայից։ Բայց վերջինս, տեսնելով Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, տունը գնելու մտքից հետ է կանգնում։ Մելիք-Ազարյանցը մնում է Թիֆլիսում։ Երբ նրա տունն ու ունեցվածքը ազգայնացրել են, նրան մի փոքրիկ տարածք են հատկացրել տան նկուղային հատվածում, և երբեմնի հզոր ու հարուստ վաճառականը 1923 թվականին մահացել է աղքատության մեջ։ Նրան հողին են հանձնել ընկերները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---