ՌԴ-ն հայտնել է Բրյանսկի շրջանում ուկրաինացի դիվերսանտների մասին․ Կիևը դա անվանել է «դասական սադրանք»

ՌԴ-ն հայտնել է Բրյանսկի շրջանում ուկրաինացի դիվերսանտների մասին․ Կիևը դա անվանել է «դասական սադրանք»

PanARMENIAN.Net - Մարտի 2-ի առավոտյան միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Բրյանսկի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինային։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ «ուկրաինացի դիվերսանտներին հաջողվել է ներթափանցել Բրայնսկի շրջանի 2 գյուղ»։

Խոսքը Լյուբեչանի և Սուշանի գյուղերի մասին է, գրում է Meduza-ն։

Շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ ԱԴԾ-ն հայտարարել է, որ ՊՆ ուժերի հետ համատեղ սահմանախախտների չեզոքացման գործողություն է իրականցվում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Պյատիգորսկ նախատեսված այցը և ահաբեկչություն է որակել տեղի ունեցածը՝ նշելով, որ հարձակվողները կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական կողմը հայտարարել է մեկ զոհի և մեկ տուժածի մասին։ 2012թ․ ծնված տղայի կյանքին վտանգ չի սպառնում՝ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ուկրաինան այդ հաղորդագրություններն անվանել է «դասական սադրանք»։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ «Ռուսաստանը ուզում է յուրայիններին վախեցնել՝ արդեն մեկ տարի տևող պատերազմն արդարացնելու համար»։ Ըստ նրա, «պարտիզանական շարժումը Ռուսաստանում գնալով ավելի հզոր ու ագրեսիվ է դառնում», գրում է BBC-ն։

Նշվում է, որ համացանցում երկու տեսանյութ է տարածվել, որտեղ զինվորական համազգեստով 4 տղամարդ, որոնք դեղին գույնի թևկապեր են կրում, անվանում են իրենց «Ռուսական կամավորական կորպուսի» մարտիկներ, որոնք եկել են Բրյանսկի շրջան «որպես ազատագրական բանակ»։ Մեկ այլ տեսանյութում երևում է «Ֆելդշերական կետի» ցուցանակը, որը կարող է վկայել այն մասին, որ տեսանյութը նկարահանված է Բրյանսկի շրջանում։ Սակայն տեսանյութերի իրական լինելը հաստատված չէ։

Բոգոմազը նաև հայտնել է, որ Բրայնսկի շրջանի տարածքը կրկին ԱԹՍ է գրոհել։

Ավելի ուշ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ վերոնշյալ գյուղերը վերահսկվում են իրավապահ մարմինների կողմից և որ «ուկրաինացի դիվերսանտների գրոհի տեղում բազմաթիվ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---