Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը Այվազովսկուն որպես հայ նկարիչ է ներկայացրել` փոխելով մոտեցումը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը Այվազովսկուն որպես հայ նկարիչ է ներկայացրել` փոխելով մոտեցումը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը, որը փետրվարին հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն «դարձրել էր» ուկրաինացի նկարիչ, փոխել է մոտեցումը՝ նրան որպես հայ նկարիչ ներկայացնելով։

Այժմ նկարչի կտավներն ուղեկցող գրություններում նշված է նրա ազգությունը, գրում է ՌԲԿ-ն։

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ թանգարանն Այվազովսկուն որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացրել։ Մինչ այդ հայտնի ծովանկարիչն Արևմուտքում ավանդաբար ներկայացվում էր որպես գեղանկարչության ռուսական դպրոցի ներկայացուցիչ։

Դրանից հետո տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը «Ղրիմ 24»-ի եթերում հայտարարել էր, որ Ղրիմի հայ համայնքը միանշանակ դիրքորոշում ունի՝ Այվազովսկին ծնվել է հայկական ընտանիքում, Ռուսական կայսրության Թեոդոսիա քաղաքում և ոչ մի կերպ չի կարող ուկրաինացի լինել։

Այժմ Ղրիմում ծնված և ստեղծագործած Այվազովսկու «Նավը՝ լուսնի լույսի տակ» կտավն ուղեկցվում է հետևյալ գրությամբ՝ «հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։

Մեծ ծովանկարիչը ստեղծել է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122,500 դոլարով: Այն թվագրվում է 1895-ին: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---