Flyone Armenia-ն հերքում է ճաքած պատուհանով թռիչքի մասին հայտարարությունը

Flyone Armenia-ն հերքում է ճաքած պատուհանով թռիչքի մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը Аuroranews.am-ի հետ զրույցում հերքել է համացանցում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ ինքնաթիռում ճաքած պատուհան լինել ուղղակի չի կարող, իսկ ջուրը բոլոր լոուքոսթերներում է վճարովի:

Hasmik Edyan անունով գրանցված հայ տիկտոկերը տեսանյութ է հրապարակել իր` Flyone Armenia ավիաընկերության օդանավով նախկինում ունեցած թռիչքներից մեկից, և ցուցադրել ինքնաթիռի, ինչպես տեսանյութում է նշում, ճաքած պատուհանը:

Տիկտոկերը նաև բողոքել է` նստատեղերը շարժական չեն, թռիչքի ընթացքում անվճար ջուր չեն տալիս: Կես լիտր ջրի համար տիկտոկերից վերցրել են 1000 դրամ, որից հետո միայն տիկտոկերը տեսել է, որ մենյուում ջրի արժեքը 500 դրամ է։ Կինը բողոքել է, որից հետո իրեն ևս մեկ շիշ ջուր են մոտեցրել:

«Անհեթեթություն է: Կոտրված, ճաքած պատուհան գոյություն ունենալ պարզապես չի կարող, քանի որ այդ պարագայում օդանավը օդ չի կարող բարձրանալ»,- ասել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը` նշելով, որ բոլոր օդանավերը համապատասխանում են ԵՄ ստանդարտներին:

Այն հարցին, թե ինչու է ջուրը վաճառվում՝ նա պատասխանել է. «Բոլոր բյուջետային ավիաընկերություններում էլ՝ լոուքոսթերներում, ջուրը վաճառվում է: Բյուջետային ավիաընկերության տրամաբանությունը հենց դրանում է կայանում. բոլորին մատուցել հասանելի ծառայություն և թողնել, որ ուղևորն ինքը որոշի, թե թռիչքի ընթացքում իրեն հավելյալ ինչ ծավալի ծառայություններից է ուզում օգտվել»,- ասաց Անանյանը: Նա նաև անլուրջ համարեց և կտարականապես բացառեց խաբեության մասին պնդումը:

Անդրադառնալով թռիչքային անվտանգության հարցերին` ավիաընկերության պատասխանատուն ասել է, որ դրանք բարձր մակարդակի վրա են:

«Ոչ միայն ավիաընկերությունն է հետևում այդ նորմերի պահպանմանը, այլ այն բոլոր օդանավակայանները, որտեղ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում, ինչպես նաև ավիացիոն իշխանությունները: Այսպիսով, արված հայտարարությունները անհիմն են: Մեզ համար անհասկանալի և անընդունելի է բացահայտ ապատեղեկատվության տարածումը ավիաընկերության վերաբերյալ»,- ամփոփել է Անանյանը:

Flyone Armenia ընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել 2021-ի դեկտեմբերին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---